2 Kings 25
1 Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ, նրա շուրջը բանակ դրեց և շուրջանակի պատնեշ կառուցեց։
2 Քաղաքը պաշարվեց մինչև Սեդեկիա արքայի թագավորության տասնմեկերորդ տարվա
3 իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացավ, և երկրի ժողովուրդը հաց չուներ։
4 Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։
5 Քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և նրան հասավ Երիքովի Արաբովթ վայրում։ Նրա ամբողջ զորքը նրանից հեռացավ։
6 Բռնեցին թագավորին ու բերեցին Բաբելոնի արքայի մոտ՝ Ռեբղաթա, և արքան նրա դատաստանն արեց։
7 Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։
8 Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,
9 այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։
10 Դահճապետի հետ եկած քաղդեացիների բոլոր զինվորները Երուսաղեմի պարիսպը շուրջանակի քանդեցին։
11 Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։
12 Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։
13 Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։
14 Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով սպասավորություն էին անում, տարան։
15 Դահճապետը վերցրեց արծաթե ու ոսկե բուրվառները և ափսեները,
16 ինչպես նաև երկու սյուները և մի ավազանն ու պատվանդանները, որ Սողոմոնն էր պատրաստել Տիրոջ տան համար։ Պղնձե բոլոր անոթներին կշիռ չկար։
17 Մի սյունը տասնութ կանգուն բարձրություն ուներ, վրան պղնձե խոյակ կար, և մի խոյակի բարձրությունը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձև զարդեր կային խոյակի վրա՝ շուրջանակի, ամբողջովին պղնձե։ Նույնօրինակ վանդակազարդեր կային նաև երկրորդ սյան վրա։
18 Դահճապետն առավ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, դռան երեք պահապաններին,
19 քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զորագլուխն էր, արքայի առջև կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնվում, զորքի քարտուղար իշխանին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և երկրի ժողովրդից յոթ այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնվում։
20 Նաբուզարդան դահճապետը նրանց առավ տարավ Ռեբղաթա՝ Բաբելոնի արքայի մոտ։
21 Բաբելոնի արքան Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում հարվածեց ու սպանեց նրանց։ Այսպիսով Հուդայի բնակիչներն իրենց երկրից գերեվարվեցին։
22 Հուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը թողեց և նրանց վրա կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։
23 Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։
24 Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի ասպատակներից, նստե՛ք ձեր երկրում, ծառայե՛ք Բաբելոնի արքային, և ձեզ համար լավ կլինի»։
25 Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։
26 Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
27 Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,
28 քաղցրությամբ խոսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մոտ գտնվող այլ թագավորների աթոռից վերև դրեց։
29 Նրա բանտային հագուստները փոխեց, և Հովաքինը միշտ նրա հետ էր հաց ուտում։
30 Հովաքինի ապրուստի միջոցները, որպես հանապազօրյա ապրուստի միջոցներ, նրան տրվում էին արքայական տնից ամեն օր մինչև նրա կյանքի վերջը։